Վերջին օրերին, 2012 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկված կառույցի ղեկավարների, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ արված մամուլի ասուլիսների արդյունքների վերաբերյալ, որոշ լրատվամիջոցներով կարծիք է հնչել, որ վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ եւ անհամաձայնություններ:
Այդ կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը տեղեկացնում է.
«2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, (բացառությամբ` Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի), բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների եւ թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն եւ ժամանակացույց:
Իսկ ինչ վերաբերվում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` «բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թալանվում եւ լափվում է» հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, եւ ո՛չ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում: