Հուլիսի 5-ն ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է:
Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993-ին` Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Սովորել է Ախուրյան գյուղի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանության չի մասնակցել, այլ կամովին ընտրել է Ջրականում ծառայելը: Ընտանիքում Աշոտ Շահբազյանի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, ազատամարտիկ է եղել, դեռևս 1992-ից կամավոր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: Բանակում լավ ծառայության համար Աշոտն ստացել է լեյտենանտի կոչում:
Նա մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում, ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ, զոհվել է հերոսի մահով։ Մի քանի օր անց ադրբեջանական կողմն Աշոտի մարմինը խոշտանգված վերադարձրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությանը: ԼՂՀ նախագահի հրամանագրով Աշոտը (հետմահու) պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
2017-ին Ախուրյանում բացվել է լեյտենանտի հիշատակը հավերժացնող հուշակոթող ու ցայտաղբյուր: