«Հրապարակը» գրում է, թե ԱԺ-ին պատկանող 057-oo-001 համարանիշները տրվել են Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամի ընկերոջը, որը կապ չունի ԱԺ-ի հետ: Հիշեցնենք, որ մեքենա ունենալու իրավունք ունի բացառապես ԱԺ վերնախավը, պատգամավորներն այդ «հաճույքից» չեն օգտվում:
«Երեկ մենք փորձեցինք ԱԺ աշխատակազմից ճշտել. ո՞ւմ են պատկանում այդ համարները: Մեզ պատասխանեցին, որ դա ԱԺ հյուրերին սպասարկող մեքենա է: «Համարները տալիս ենք մոտիկ մարդկանց, գալիս են, քշում են, շատ ժամանակ իմ մեքենան էլ եմ տրամադրում մեր հյուրերին»,- ասաց ԱԺ մեր զրուցակիցը: Շա՞տ ունեք նման համարներ: «Մի 2-3»: Իսկ այդ վարորդների հետ պայմանագիր կնքո՞ւմ եք, որ իրենք նման ծառայություն են ձեզ մատուցում: «Չէ, չենք կնքում, եթե կնքենք, պետք է գումար վճարենք»:
Իսկ ի՞նչ հիմունքներով եք կարգավորում հարաբերությունները, մեկ էլ տեսար` մեկի մտքով անցավ, որ գումարներ են «լափվում, թալանվում», եւ հետո՝ դուք ամեն օր չեք հյուրեր ունենում, իսկ այդ համարներով մեքենան ամենուրեք ու ամեն օր իր համար «ֆռֆռում է»: «Չէ, համարները հետո բերում-հանձնում են»: Ամեն հյուրի ժամանակ առձեռն տալիս եք, հետո ասում` կբերես, չմոռանա՞ս: «Այո»: Դա՞ էլ իրավաբանորեն չի կարգավորվում ձեզ մոտ, մարդ է` գնաց, մի բան արեց կամ հետ չբերեց: «Չէ, բերում են»:
Ի դեպ, 057-oo-001 համարանիշով ավտոմեքենան հիմնականում կայանում է Դեմիրճյան փողոցով դեպի կառավարական «դաչաներ» գնացող շենքի բակում, եւ երբեք չի եղել, որ համարները «վրան» չլինեն»,- գրում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում