«Ժողովուր» թերթը գրում է՝ «ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրել էր «Նաիրիտ» գործարանից 200 մլն դոլար հափշտակելու մեջ, մոտ մեկ տարի է՝ հեռացել է ՀՀ-ից և քաղաքական ապաստան ստացել Չեխիայում։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Առաքելյանը հայտարարեց, թե «Նաիրիտ»–ի վերաբերյալ իր բացահայտումներից հետո վարչապետն իր հանդեպ քաղաքական հետապնդում է սկսել։
«Դա արդեն լցրեց իրենց համբերության բաժակը, և անցան սանձարձակ գործողությունների՝ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։ Ողջ Հայաստանով սկսվեցին ՀՌԱԿ կառույցների ղեկավարների հարցաքննություններ դատախազության, ոստիկանության և արդարադատության նախարարության տարբեր ռանգի չինովնիկների կողմից։ Եվ այս խեղկատակության իմաստն այն էր, որ իմ գաղափարակից ընկերներից որևէ մեկը ցուցմունք տա իմ դեմ»,–ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ ՀՀ ուժային կառույցներից իր դեմ չէին հանել միայն բանակը»,–գրում է թերթը։