Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Երեւանում արված նոր լուսանկար է հրապարակել եւ գրառում արել քաղաքի մասին։
«Երեւանը` գրված ու չգրված օրենքների քաղաք:
Քեզ կեղեքող սիրահարի պես է. նրա հետ երկար չես կարողանում, այրվում ես, առանց նրա` հիվանդանում, մոխրանում: Երեւանին կա՛մ տրվում ես ամբողջապես, բացվում, դառնում մի սիրտ ու մի հոգի, կա՛մ էդպես էլ քեզ չի ընդունի. կիսատություն չի սիրում:
Աշխարհի օվկիանոսներում լողացող նավի պես է, չգիտես, երբ կխորտակվես կամ, երբ կդառնաս Նավապետ: Երեւանը` անթիվ, անհամար քարերի ու երբեմն խեղդող շենքերի մեջ էդքան փխրուն ու խոսող, երբեմն անողոք, երբեմն էլ չափազանց հանդուրժող: Երեւանն իր կեսգիշերում օգնության պատրաստ անծանոթներով ու օրը ցերեկով դավաճանող յուրայիններով: Անասելի փոքր ու միեւնույն ժամանակ անչափ` իր գրկի ու սիրո համատեքստում: Ամենօրյա գործողությունների տակ թաքուն հետաքրքրություններ պահած, մանկական ճիչերով լի ու հենց նրանց համար անհավանական անհարմար Երեւանը։
Վաղվա օրվա հավերժական վախը սրտում զգացնող ու «այսօր»- ի քաղցրով ապրող Երեւանը... Էկլեկտիկ` իր ճարտարապետությունից մինչև կենցաղավարություն... Սիրո համը տվող ու դառնության չափ խոցող Երեւանը: Միշտ մարդաշատ ու մարդամոտ, և այդքան միայնակ... Երեւանը»,- մեկնաբանություններում գրել է նա։