Գյումրու «Սասստեքս» կարի գործարանում կրքերը չեն թեժանում։ Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը նշեց, որ երեկ գործարանի աշխատակիցների մի մասին թույլ են տվել մտնել գործարան. «Երբ իմացա, որ նման խնդիր կա, գնացի «Սասստեքս», մնացածին են թույլ տվեցին ներս մտնել, աշխատել հնարավոր չի եղել, ժողով են անցկացրել, ասել են, որ ջուր չունեն գործարանում, ուրբաթ օրը նոր եկեք։ Աշխատողներին ես խորհուրդ տվեցի այսօր էլ գնան գործի, որ արձանագրվի, որ գործի գնացել են»։
Փոխմարզպետի խոսքով՝ աշխատողներին փորձում են մասնատել, որ «կոլեկտիվին առանձին–առանձին կոտրեն»։
Վարդան Գրիգորյանի փոխանցմամբ՝ կարի գործարանի աշխատակիցներին մայիս ամսվա աշխատավարձը չեն փոխանցել։ Շինարարության ժամանակ էլ շատ աշխատողներ եւս աշխատավարձ չեն ստացել։
«Սասստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին խուսափում է կապի մեջ մտնելուց, հայտնի չէ՝ երկրում է, թե չէ։
Ընկերությունը գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակում, որի մեկնարկին խոստանում էին միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել էր նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքները: