Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կավարտի Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը հուլիսի 1-ից հետո, հաղորդում է The Telegraph-ը։ Այդ օրը ֆուտբոլիստի պայմանագրով նրա տրանսֆերային գինը կդառնա 120 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը համաձայնեցրել է դեռ երկու ամիս առաջ։
Մրցաշրջանի վերջում Գրիզմանը հայտարարեց, որ ամռանը կփոխի ակումբը, սակայն չհստակեցրեց, թե որ թիմ է տեղափոխվելու։ Իսպանական մամուլը բազմիցս գրեց, թե «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Գրիզմանի տեղափոխությանը, քանի որ նա անցած ամռանը հրաժարվել էր ընդունել ակումբի առաջարկը եւ մնացել «Աթլետիկոյում»։
Ավարտված մրցաշրջանում Գրիզմանը «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։