«Հրապարակ» թերթը գրում է. «Տարվա ամենասպասված հարսանիքի՝ Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն որոշված է՝ սեպտեմբերի 7։ Այժմ բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է հարսնացուի հայրը։ Խնջույքը՝ «Փարավոն» համալիրում, որի 800 տեղանոց սրահն այժմ ձևափոխում են, հատուկ բեմ են կառուցում նորապսակների համար, ինչի արդյունքում 300 նստատեղ հանվելու է։ Հարսանեկան զգեստը կարում է աշխարհահռչակ Էլի Սաաբը՝ լիբանանյան ծագումով մոդելավորողը, ով զգեստներ է կարել հոլիվուդյան շատ աստղերի համար։ Նրա զգեստների արժեքը 200-300 հազար դոլարից պակաս չի լինում։ Մեզ ասացին, որ Անահիտ Ծառուկյանը շորը կարելու ընթացքում մի քանի ամիսը մեկ Դուբայ է մեկնում՝ «պրիմերկայի»։
Իսկ ընտանիքների փոքրիկները հարսանիքի ժամանակ միանման են հագնված լինելու․ նրանց զգեստները կարում է Սուքիասյանի դուստրը՝ Աննա Սուքիասյանը («Անկասա» բրենդը պատկանում է Աննային)։ Խոսվում է, որ հրաժարվել են ամենապոպուլյար հարսանիք վարողներից, որոշել են թատրոնի դերասաններ վերցնել՝ ռուսերենի և անգլերենի իմացությամբ, մասնավորապես խոսքը Սունդուկյան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանի մասին է։ Երգելու են հայ և օտարերկրյա կատարողներ, բայց անունները դեռ հայտնի չեն։
Մեր աղբյուրը նաև ասաց, որ արդեն իսկ տարբեր մարդիկ են զանգում՝ հետաքրքրվում, թե երբ է հարսանիքը, և արդյոք իրենք հրավիրվածների թվո՞ւմ են։ Հյուրերի քանակը, իրենց չափանիշներով, սահմանափակ է լինելու՝ 500 մարդուց ոչ ավելի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: