Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատ-շատերն են այսօր պնդում, թե ռոբասեժական ռեժիմները ոչ մի բնագավառում չեն հաջողել։ Այդ պնդման հետ անհնար է չհամաձայնել, եթե մեր` ժողովրդի ակնկալիքները տեղավորում ենք մարդկային արժեքների տիրույթում, այն է` ազնվություն, պարկեշտություն, բարոյականություն, խիղճ, ազատություն, աշխատանք, օրենք, օրինականություն... Թվարկումը կարելի է երկար շարունակել, բայց քանի որ թվարկված արժեքները ռոբի ու սերժի բռնապետական տարիներին մեր երկրում չէին կարող տեղ ունենալ ու չունեին, բնական է, որ հաջողություններ էլ չէին կարող գրանցվել այդ ուղղություններում։
Ես ուզում եմ խոսել այն ուղղության մասին, որտեղ ռոբասերժական վարչախմբերը, ցավոք սրտի, «հաջողել» են։ Ընդորում այնպես են «հաջողել», որ դրա հետևանքները ավելի ավերիչ ու քայքայող են, քան լինում են բնական աղետների դեպքում և միայն Աստված գիտե` որքան ժամանակ կպահանջվի այդ հետևանքները վերացնելու համար։
։Եվ դեռ հարց է` արդյո՞ք հնարավոր է վերացնել վերջնականապես... Չերկարացնեմ` ռոբն ու սերժը շատ լավ հաջողել են երկիրը գողապետություն սարքելու, մարդկանց մեջ գողի հոգեբանությունը արմատավորելու, այդ հոգեբանությամբ ապրելու գործում։ Իրենք գողացել, թալանել, կեղեքել են ու մի փոքր հնարավորություն էլ, որպես թուլափայ, տվել են իրենցից ցածր կանգնածներին, սրանք էլ իրենցից կախում ունեցողներին, որոնք էլ իրենցից ցածր աստիճանին կանգնածներին ու այսպես շարունակ։ Ամեն մեկը փախցրել է այնքան, որքան իրեն թույլատրվել է և որքան կարողացել է, այդպիսով ապահովելով իր և իր մերձավորների օրահացը։ Ամեն մեկը ապրել է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, միայն թե կերակրատաշտին մոտ լինի և ունենա իր թուլափայը, պետության ու պետականության հերն էլ անիծած։
Այ հենց այս հոգեբանությամբ ապրելու հետևանքն է, որ իջևանցիները այսօր ճանապարհ են փակում, բողոքում են «իրենց հացը կտրելու» դեմ, դիմադրություն են ցույց տալիս օրենքը հարգել պահանջող ոստիկանությանը։ Ռոբն ու սերժը տարիներ շարունակ այս մարդկանց ընտելացրել են գողությամբ, օրենքն ու օրինականությունը ոտնահարելով, ամենաթողության պայմաններում ապրելուն և այսօր չեն կարողանում համակերպվել օրենքով ապրելու գիտակցության հետ։ Որպես հետևանք` դժգոհություն իշխանություններից։ Այս կարգի մարդկանց համար հեղափոխությունը հավասար է մեռնելուն, որովհետև սովորել են ամենաթողության ու անօրինականության։ Սրանց մոտ խեղվել է մարդկային հոգեբանությունը։ Ահա թե ինչում են "հաջողել" ռոբն ու սերժը։
Որպես ասվածի հետևություն` իջևանյան խժդժությունների կազմակերպիչները պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, որպեսզի նույն հոգեբանությամբ ապրող մնացած բոլորի համար դաս լինի, որպեսզի հասկանան, որ պետությունը իրենց հոր բոստանը չէ, որ ինչ ուզեն` անեն, որ պետությունը կառուցվում է օրենքը հարգելով և օրենքներով ապրելով...
Հ.Գ. Վարչապետ, վաղուց ժամանակն է թավիշը շուշաթղթով փոխարինելու։ Ժամանակը անողոքաբար արագ է ընթանում, հեղափոխության ու քո կողմնակիցների համբերությունն էլ անսահման չէ։ Ժողովրդավարությունը ուժեղ բռունցքներով են պահում, այլապես...»