«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակված, ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ, դրանից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Եղիշե Կիրակոսյանն է (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի որդին, ում եղբայրը՝ Արա Կիրակոսյանը՝ Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահը, 2017-ին դատապարտվեց 13 տարի ազատազրկման):

Մենք փորձեցինք պարոն Կիրակոսյանից ճշտել՝ ինքը նո՞ր է կիսում Նիկոլ Փաշինյանի՝ արդարադատության ոլորտին առնչվող տեսակետները, թե՞ տրանսֆորմացիան տեղի է ունեցել իր եղբոր (Հայբիզնեսբանկի վարչության նախագահ, փողերի լվացման եւ հափշտակության հոդվածով դատապարտված)՝ Արա Կիրակոսյանի՝ բաց ռեժիմ դուրս գալուց հետո:


Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ինչ ընթացքի մեջ են ապօրինի հարստացման եւ գույքի բռնագրավման օրինագծերի վրա ընթացող աշխատանքները (ի դեպ, Եղիշե Կիրակոսյանի հորեղբոր աղջիկն էլ «Սերժի վախտ» պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանն է):

Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին, բայց երբ իմացավ, որ իր հետ լրագրող է խոսում եւ այն էլ` «Հրապարակի», ասաց` հանդիպման է, չի կարող խոսել։ Հարցին` հանդիպումից հետո կպատասխանե՞ք, ասաց` ոչ մի հարցի չի պատասխանում: Դե՞մ եք հրապարակայնությանը․ հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը եւ 2 օր շարունակ չպատասխանեց մեր զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում