ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի իշխանությունները որոշել են արտաշիրմել բանկերի լեգենդար կողոպտիչ Ջոն Դիլինջերի աճյունը, որն սպանվել է 85 տարի առաջ: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:

Արտաշիրմման պատճառը չեն հայտնում, սակայն աճյունի հանումը թույլ կտա փարատել այն լեգենդը, թե այն մարդը, որին ոմանք հերոս էին համարում Մեծ դեպրեսիայի տարիներին, թաղված չէ իր գերեզմանում:


Դիլինջերի մարմինը կարտաշիրմվի եւ կվերաթաղվի սեպտեմբերի 16-ին:
Աճյունին հասնելու համար կպահանջվի հանել 2,5 տոննա բետոն, որը լցրել են գերեզմանի վրա: Հարազատներն այդ քայլին են դիմել՝ երկյուղ կրելով, թե վանդալները կավերեն թաղման վայրը, իսկ հանցագործի մարմինը կգողացվի: Պատմաբան Սյուզան Սաթթոնի պնդմամբ՝ հանգուցյալի հարազատներին նույնիսկ փող են առաջարկել, որպեսզի նրա մարմինը «ժամանակավորապես տան» ցուցահանդեսների համար:

Ջոն Դիլինջերը կողոպտել է ավելի քան 20 բանկ: Չնայած այն բանին, որ նրա հրոսակախումբը մեղադրվել է ավելի քան տասը սպանության մեջ, գանգստերն ինքը ոչ մեկին չի սպանել: Իշխանությունները նրան հայտարարել են «պետության թիվ 1 թշնամին», հանցագործին գնդակահարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալը 1934 թվականի հուլիսին՝ նրա ընկերուհու դավաճանությունից հետո, որը մամուլում հիշատակվել է որպես «Կարմրազգեստ կին»: Մահվան պահին Դիլինջերը 31 տարեկան էր: