Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը. «Ի պատասխան վերջին շրջանում սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հնչող տարատեսակ կարծիքների և մեկնաբանությունների հայտնում եմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս չի ենթարկվում Առողջապահության նախարարությանը։ Այն այս պահին ենթարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, քանի որ այն գտնվում էր մասնավորեցվող բուժհաստատությունների ցանկում։
Մոտավորապես մեկ տարի առաջ մեր նախարարության կողմից նախաձեռնվեց իրավական գործընթաց, որի արդյունքում կենտրոնը պետք է դուրս բերվեր մասնավորեցման ցանկից և վերադարձվեր մեր նախարարության ենթակայություն, որպեսզի մենք լիազորված լինեինք անմիջականորեն զբաղվելու կենտրոնում առկա խնդիրներով և զարգացումով։
Չնայած Ազգային ժողովի դրական քվեարկությամբ օրենքի փոփոխությունը ընդունել է դեռ հունիս ամսին, սակայն կենտրոնի վերադարձի գործըթացը մեզնից անկախ հանգամանքների պատճառով դեռ չի ավարտվել և մենք դեռևս լիազորված չենք այդ կենտրոնի կառավարումը իրականացնելու հարցում։
Լիազորությունները ստանձնելուն պես, վստահեցնում եմ բոլորիդ, որ ջանք չենք խնայելու Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես դա անում ենք մեզ ենթակա մյուս բուժհիմնարկներում»։