Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն Աջարիայում հայտնաբերել են արտադրամաս, որտեղ կեղծել են հայտնի ապրանքանիշերի լվացող միջոցները: Այդ մասին այսօր հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հետաքննությամբ պարզվել է, որ արտադրամասում լվացքի էժանագին փոշիներն ու լվացող այլ միջոցներ փաթեթավորվել են Persil և Ariel հայտնի բրենդների անվան ներքո:
Փաստի առնչությամբ քրեական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ: Նրանք են լվացող միջոցներ արտադրող ընդհատակյա գործարանի տնօրենն ու նրա տեղակալը:
Քննչական ծառայությունն առգրավել է մեծ քանակությամբ պատրաստի արտադրանք, ինչպես նաև կենցաղային քիմիական նյութեր և փաթեթավորման միջոցներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «ապրանքային նշանի ապօրինի օգտագործման» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ 3-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: