Հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում Անդրանիկ Հարությունյանի ( «Մասիվցի Անդիկ») սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով:
Կալանավորված անձն, ըստ ոստիկանության, ժամանակավորապես բնակվելիս է եղել ՌԴ-ում:
Նշենք, որ քրեական գործի շրջանակներում, Հարությունյանի սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:
Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան եւ 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երեւան քաղաքի 50-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: