Հայաստանի հավաքականի և Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Դորտմունդի Բորուսիայի խաղացող:Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: 24 ամյա խաղացողի տրանսֆերային գումարը, որին գերմանական ակումբը համարում է  Մարիո Գոտցեի փոխարինող, կազմել է 24 մլն եվրո:

Չնայած որ Դոնեցկի ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը կազմել է 27.5 մլն եվրո:

Ամեն դեպքում Մխիթարյանը դարձել է դորտմունդցիների պատմության մեջ ամենաթանկարժեք ձեռք բերումը` առաջ ացնելով բրազիլացի հարձակվող Մարսիո Ամորոզոին, որի տրանսֆերը կազմել էր 21.5 միլիոն եվրո:

Բացի դա Բորուսիան հայտարարել է, որ Մխիթարյանի հետ պայմանագրի ստորագրումից հետո ամառային տրանսֆերային պատուհանը կփակվի: Դորտմունդցիները իրենց ակումբը հզորացնելու համար ծախսել են շուրջ 50 մլն եվրո:

Գերմանական ակումբի ավագ մարզիչ Յորգեն Կլոպը Մագդեբուրգի հետ ընկերական խաղից առաջ հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է նաև Մխիթարյանին: Մասնավորապես նա նշել է.«Մենք Մխիթարյանին հետևում էինք շատ վաղուց և եկել ենք այն եզրակացության, որ Հենրիխը հենց այն խաղացողն է, որի կարիքը մենք ունենք: Նա հիանալի արագություն ունի, նա շատ ագրեսիվ է հարձակվողական գործողություններում և մեզ կբերի մեծ օգուտ»: