Մամուլում այսօր տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել:
«Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ: Խուզարկություններ են կատարվում Գ. Խաչատրյանի առանձնատանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև՝ Խաչատրյանի հետ կապ ունեցող անձանց տարածքներում և առանձնատներում: Դեռևս շարունակվում է խուզարկությունը, որի ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ»,- հայտարարեց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ Գ. Խաչատրյանի դեմ քրգործը հարուցված է իր պաշտոնավարման տարիներին առանձնապես խոշոր չափերի գումար վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: