«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում ոչ միայն քաղաքական առումով, այլեւ նույնիսկ իր աշխատանքային օրվա կազմակերպման տեսանկյունից։
Ըստ տեղեկությունների, Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակարգը, եւ երբեմն նույնիսկ անվտանգության աշխատակիցները միայն վերջին պահին են իմանում, թե ուր է գնում երկրի վարչապետը՝ լինի դա մարզային այց, թե ինչ-որ անձնական հանդիպում։
Արդյունքում ոչ միայն անվտանգության, այլեւ արարողակարգի պատասխանատուներն էլ են նման դեպքերում լարված վիճակում լինում։ Ավելին, տեղեկություններ կան, որ անգամ պլանավորված այցի գրաֆիկն է երբեմն փոխվում վերջին պահին. մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպես է եղել Ջերմուկ կատարած վերջին այցի ժամանակ։
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին:
«Որեւէ անակնկալ փոփոխություն չի լինում: Ամեն բան համաձայնեցվում է, արարողակարգը նախօրոք իմանում է, եւ փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է:
Այլ բան է, որ որեւէ այցի ժամանակ վարչապետը կարող է մեքենան կանգնեցնել, դուրս գալ հանդիպման, շփվել բնակչության հետ: Նման բաներ կարող են տեղի ունենալ, իսկ առհասարակ, իր ծրագիրը նախօրոք հաստատվում է, եւ գործում է նախօրոք հաստատված ծրագրի համաձայն»,-ասաց Կարապետյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում