Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, սեպտեմբերի 12-ին մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Ամեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի գործի դատավարությունը, որը մարտիմեկյան գործի մի մասն է:
Այդ դատավարությունն արդեն իսկ կնքվել է «դարի դատավարություն», թեեւ Հայաստանում այդպիսիք գուցե էլի են եղել: Այդուհանդերձ, դատավարությունը տեղի է ունենում կարեւորագույն մի սահմանագծի, որքան էլ այդ սահմանագիծը բնորոշվի զգալի պայմանականությամբ եւ հակասականությամբ՝ «նոր» ու «հին» Հայաստանների սահմանագիծ:
Գործնականում, դա փաստացի լինելու է «հին Հայաստանի» դատավարությունը, այն իմաստով, որ դրանում տարբեր կարգավիճակով ներգրավված են լինելու նախկինում իշխող համակարգի գրեթե բոլոր առանցքային դեմքերը, ներառյալ երեք նախագահները: Այդ մասին հայտարարել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նշելով, որ բոլորը ներգրավված են գործում տարբեր կարգավիճակներով:
Ըստ այդմ, ստացվում է դատավարություն «բոլորը բոլորի դեմ» տրամաբանությամբ, կամ մեծ առերեսում, որովհետեւ անկասկած է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թեւեր միմյանց ունենալու են բազմաթիվ հարցեր, դիտողություններ, պնդումներ եւ այլն: Առանցքային է այն, թե հանրությունը որքանով է ստանալու նախկին համակարգի գործունեության ու բնույթի հետ կապված իր հարցերը:
Ըստ այդմ, խոսքը գործնականում ավելի լայն եւ ընդգրկուն գործընթացի մասին է, որովհետեւ Մարտի 1-ն էլ խոշոր հաշվով այդպիսին էր որպես երեւույթ, աննախադեպ լինելով լոկ իր ողբերգական հետեւանքով՝ տասը զոհերով:
Մինչդեռ, այդ հետեւանքի հարցը մնում է բաց. ով է սպանել, ում հրամանով: Որովհետեւ Հայաստանում այնպիսի վիճակ էր հանրային ու պետական համակարգի դիմադրունակության տեսանկյունից, որ սպանել կարող էր «ցանկացածը», առավել եւս արտաքին որեւէ ձեռք: Համենայն դեպս, տեղ ունեն ամենատարբեր վարկածներ, առավել եւս երբ ակնառու է, որ Մարտի 1-ով Հայաստանի հանրային գիտակցության, հոգեբանության, հասարակական-քաղաքական հարաբերությունների մեջ դրվել է մի մեծ «վիրուս», իսկ խորքային «հակավիրուսի» ծրագիր Հայաստանը ակնհայտորեն չունի, գոնե առայժմ: Ընդ որում պարզ էլ չէ՝ կատարվու՞մ է դրա որոնման կամ մշակման աշխատանք, թե ոչ:
Փոխարենն այդ իրավիճակում Հայաստանում տեղի է ունենում «քաղաքական գռդոնի» մի յուրօրինակ շքերթ՝ Ռոբերտ Քոչարյանի գործոնի շուրջ, թե նրան դատապարտողների, թե նրան սատարողների շրջանակում: Ավելին, տպավորություն է, որ Հայաստանում ոչ թե մեկուկես տարի առաջ տեղի ունեցած աննախադեպ հաղթանակի պատմությամբ իրավիճակն է իշխանության, այլ դեռեւս իշխանության է Ռոբերտ Քոչարյանը:
Եվ հարցն այստեղ վաղուց դուրս է Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության հարցի տիրույթից, որովհետեւ թվում է, որ դա արդեն աստիճանաբար որեւէ մեկին չի էլ հետաքրքրում, եւ մարդկանց շատ ավելի անհրաժեշտ է պատասխանատվության հարցի առկախումը, որովհետեւ դրանից է կախված «գռդոնի» երկարատեւությունը:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը սնանկության առաջ է դրել քաղաքական բոլոր դերակատարներին, անկախ դիրքից եւ «մաստից»: Բոլորին դրել է նորի հրամայականի առաջ, բայց պարզվում է, որ դա լրջագույն մարտահրավեր է հայաստանյան քաղաքական դասի համար: Այստեղ է, որ մարտիմեկյան ողբերգությունն ու Ռոբերտ Քոչարյանը դառնում են փրկօղակ:
Մեկնարկող դատավարությունը սնուցելու է ա՞յդ գործընթացը, թե՞ հանրության համար դառնալու է հնի համար պատասխանատվության հարցը փակելու եւ այն պատմության վերածելու, ու վերջապես բոլորին նորի համար պատասխանատվության կանչելու հնարավորություն:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am