Այսօր Մարտի 1-ի գործով դատավարության սկզբում դատավորը ամբաստանյալներից հետաքրքրվեց նրանց բնակության վայրի, առողջական վիճակի, աշխատանք ունենալ-չունենալու և այլն հարցերով:
Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այս պահին մշտական աշխատանք չունի, հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։
Հարցին արդյոք ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, Քոչարյանը պատասխանեց՝ վաղուց՝ չկարողանալով կոնկրետ հիշել օրը: Նա նշեց, որ մոտ երկուսուկես ամիս սպասել է, թե երբ է քննվելու կալանքի հարցը:
Ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովին դատարանը հարցրեց, թե ունի՞ առողջական խնդիրներ. վերջինը պատասխանեց. «Չէի ցանկանա դատարանում խոսել առողջական խնդիրներից»։
Դատարանը ամբաստանյալ Սեյրան Օհանյանին թույլ տվեց նստած պատասխանել՝ հաշվի առնելով առողջական վիճակը: Նա ասաց, որ բնակվում է Վահագնի թաղամասում, չի աշխատում, կենսաթոշակառու է։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը դատարան էր եկել թարգմանչի հետ, նա դատավորի հարցերին պատասխանում էր ռուսերենով: Վերջինի խոսքով՝ ինքը հայերենին տիրապետում է, սակայն սխալներ թույլ չտալու համար խոսում է ռուսերեն:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը: