«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանությունները սեղմել են այն ժամանակի սխեման, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին: Գործող իշխանությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջոցով «մեսիջ» ուղարկեց Թովմասյանին` հորդորելով հրաժարական ներկայացնել: Ու դա էր պատճառը, որ երեկ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ իմքայլականների գերակշիռ մեծամասնության համար:
Իսկ ինչու հենց հիմա՞: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` իշխանություններին բարկացրել է այն հանգամանքը, որ ԱԺ-ն գրություն է ուղարկել ՍԴ` խնդրելով տրամադրել Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով ուղարկած դիմումի հայերեն տարբերակը, իսկ ՍԴ-ն էլ մերժել է՝ պատճառաբանելով, որ ԱԺ-ն գործով կողմ չէ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ժողովուրդը վաղուց է իր ընտրությունն արել ու հրաժարվել Հրայր Թովմասյանի քաղաքական ուժից. «Հենց այդ օրը ժողովուրդն իր ընտրությամբ Հրայր Թովմասյանին ասել է` անմիջապես դադարեցրո՛ւ քո գործունեությունը, Հրայր Թովմասյա՛ն, դադարեցրո՛ւ թղթեր ստորագրելը, Հրայր Թովմասյա՛ն, հանկարծ որոշումներ չկայացնես, բայց չի հասկանում»:
Երեկ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ որոշվել է, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հայտարարի Հ. Թովմասյանի հրաժարականի պահանջի մասին՝ որպես օրենսդիր՝ ժողովրդի մանդատ ունեցողի: Բոլոր պատգամավորները պետք է խոսեն ՍԴ նախագահի բացթողումների մասին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: