ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահին երթուղիների գների թանկացում գոյություն չունի:

Նախարարը նշեց, որ եթե թանկացումներ լինեն, ապա դրանք միանման չեն լինի:

«Լինելու են երթուղիներ, որ ընդհանրապես չեն թանկանալու, լինելու են,որ շատ քիչ կթանկանա:Այսօր թանկացում չկա, ես հայտարարում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում երթուղիների թանկացում չկա, մենք աշխատում ենք, որ թանկացումները լինեն մինիմալ, թողեք մանրամասն ուսումնասիրենք և ներկայացնենք մեր ժողովրդին»,-իր խոսքում նշեց Գ. Բեգլարյանը:

Հարցին, որ արդեն Երևան-Գառնի երթուղին թանկացել է, ինչո՞վ է պայմանավորված այն, Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ նման բան չի կարող լինել:

«Եթե ինչոր մեկը թանկացրել է, ապա նախարարությունը ստուգումներ կանցկացնի և համապատասխան տուգանքներ կկիրառվեն, ոչ ոք իրավունք չունի թանկացնելու: Ես հենց նոր եմ լսել, որ թանկացում կա, ես հասնեմ նախարարություն ինքս կճշտեմ»,-ասաց Գագիկ Բեգլարյանն ավելացնելով, որ նախարարությունում նման ահազանգ չի եղել:

Նշենք, որ YerevanNews.am-ի թղթակիցը դեռևս երեկվանից կապ է հաստատում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի հետ, տեղեկացնելու համար, որ տվյալ երթուղու ուղեվարձը թանկացել է և ինչով է այն պայմանավորված, սակայն նախարարությունում դեռևս երեկվանից մեզ հայտնում են, որ թանկացումներ չկան և իրենք կանցկացնեն համապատասխան ստուգումներ, անօրինական քայլերի դեպքում օրինախախտ երթուղու սեփականատերերը կենթարկվեն պատասխանատվության:

Գագիկ Բեգլարյանը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ իրականում թանկացում չի լինում այնքան ժամանակ, քանի դեռ նախարարությունը նման դիմում չի ստանում երթուղին սպասարկողների կողմից:

«Մենք մրցույթ ենք հայտարարում, գինը ներկայացնում է ընկերությունը, որոշումը կայացնում է հանձնաժողովը, սեփականատերը պետք է ներկայացնի հիմնավոր թանկացում: Իսկ այս պահին միակ հիմնավոր թանկացումը, դա գազի գնի բարձրացումն է: Այսօր նախարարությունը չունի ոչ մի դիմում»,-իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը:

Հ.Գ.  Ստացվում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը իսկապես տեղյակ չէ, որ միջմարզային երթուղու, մասնավորապես Երևան-Գառնի երթուղու ուղեվարձը թանկացել է: Նախարարի նշած ահազանգն արդեն երկու օր է կա, բայց նախարարության կողմից դեռևս ոչ մի քայլ արված չէ: