Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը՝ արված ՌԴ քննչական կոմիտեի կարգադրությամբ, ապացուցել է, որ Միխայիլ Խաչատուրյանի կողմից բռնության կիրառման հետևանքով ծանր վնաս է հասցվել նրա դուստրերի՝ Քրիստինայի, Անգելինայի ու Մարիայի առողջությանը: Տվյալները ֆեյսբուքյան էջում հրապարակել է քույրերի պաշտպաններից Ալեքսեյ Պարշինը: Քննիչներն այսօր Խաչատուրյան քույրերի փաստաբաններին ներկայացրել են փորձաքննության արդյունքները:
Դատաբժիշկները հաստատել են նախապես արված ենթադրություններն այն մասին, որ Խաչատուրյան քույրերի մոտ հայտնաբերված հոգեկան շեղումները պատճառահետևանքային կապ ունեն Միխայիլ Խաչատուրյանի գործողությունների հետ: Բոլոր հետազոտված տվյալների հիման վրա պարզվել է՝ Քրիստինայի, Անգելինայի ու Մարիայի առողջությանը ծանր վնաս է հասցվել:
Խաչատուրյան քույրերի պաշտպանները կարծում են, որ լրացուցիչ փորձաքննության արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են՝ աղջիկներն ինքնապաշտպանվելու կարիք են ունեցել: Փաստաբանները պնդում են՝ Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրգործը պետք է կարճվի: