Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում կառավարությանը հետ կանգնել «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելու մտադրությունից:

«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ընթանում են բանակցություններ «Գազպրոմի» ղեկավարության և ՀՀ Էներգետիկայի նախարարության միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորության շուրջ` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել ՀՀ–ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ ռեսուրսի վաճառքից, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ զրկվելով բաժնեմասից, ՀՀ–ն նաև զրկվում է Հայռուսգազարդի բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8.3 հոդվածի։ Բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը ՀՀ-ի համար անցանկալի գնորդին: 

Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու և վտանգից բացի, որևէ նպաստ չի բերելու ՀՀ–ին, ավելին` այս կերպ մենք մաս–մաս զիջում ենք մեր պետության կարևոր ռազմավարական օբյեկտները։ 
Թեև այսօր ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում այս բանակցությունները ներկայացնել որպես զուտ տնտեսական գործարք, սակայն ակնհայտ է, որ դա հարցը քողարկելու նպատակ ունի, և այստեղ ավելի շատ վտանգվում է ՀՀ` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը։ 

Ազատ դեմոկրատները համոզված են, որ պետք է օր առաջ հրաժարվել պետությանը որևէ օգուտ չբերող բանակցություններից և տնտեսական խնդիրները լուծելու համար այլ ուղիներ փնտրել»,-ասված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ: