Համացանցում են հայտնվել կադրեր հորը՝ Միխայիլին սպանած Խաչատուրյան քույրերի հարցաքննությունից: Ինչպես հաղորդում է Vz.ru-ն, հարցաքննությունը եղել է հանցագործության վայրում:
«Դժվար էր նրան սպանելու որոշում կայացնելը: Ես նրա համար ուտելիք էի պատրաստում, հետո մենք ասացինք՝ պետք է ռիսկի գնալ, փորձել»,- տարածված տեսանյութում ասում է Անգելինան:
Նա բացատրել է, որ քրոջ՝ Մարիայի հետ, ավագ քրոջը՝ Կրեստինային, խնդրել են հոր դեմքին լցնել շշով պղպեղը, սակայն վերջինս նրանց սկսել է համոզել՝ հետ կանգնել այդ մտքից: Արդյունքում քույրերը մտել են այն սենյակը, որտեղ հայրը քնած էր, մի քանի հարված են հասցրել:
«Կարծեմ ես միանգամից երկու հարված հասցրի վզին, հետո Անգելինան մուրճով մի քանի հարված հասցրեց: Հայրս միանգամից ոտքի կանգնեց, ավելի ճիշտ՝ ոտքի թռավ, ինչ-որ անհասկանալի բաներ ասեց, մոտավորապես՝ պետք է լվացվի, նման մի բան»,- պատմել է Մարիան:
Վերջինս ասել է՝ իրենց հարձակման պահին քույրը՝ Կրեստինան, լոգարանում է եղել, ինչից հետո կարող էր գնացած լինել ննջարան:
Քույրերի պաշտպան Ալեքսեյ Պարշինը հրապարակված տեսանյութի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում որոշ բացատրություններ է ներկայացրել: Նա նշել է՝ համացանցում հայտնվել են աղջիկների նախնական հարցաքննությունների տեսանյութից պատառիկներ: Ըստ փաստաբանի՝ այդ տեսանյութն ուղեկցվում է բազմաթիվ մեկնաբանություններով՝ պայմանավորվածության, դերերի բաժանման և այլնի մասին, ուստի արժե որոշ պարզաբանումներ տալ:
Պարշինը տեղեկացրել է՝ ոստիկանություն և շտապբուժօգնություն զանգահարել է Մարիան, ով անմեղսունակ է ճանաչվել, փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ կատարվածից հետո երեք օրվա ընթացքում Մարիայի հոգեկան վիճակը կայուն չի եղել և կարող էր ազդել նրա գործողությունների ու պահվածքի վրա:
Անկայուն հոգեկան վիճակում են եղել նաև Կրեստինան ու Անգելինան, ինչը ևս իր ազդեցությունն է թողել քույրերի տված նախնական ցուցմունքների ու գործողությունների վրա:
«Բացի այս ամենից, ոչ մի նոր բան չի հրապարակվել: Խաչատուրյանի կողմից դուստրերի նկատմամբ բռնություն կիրառելու փաստը ոչ ոք չի հերքում ու չի ժխտում»,- գրել է նա:
Տեսանյութը` այս հղմամբ: