Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ հարձակվող Տիգրան Բարսեղյանը Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում անցկացվող նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հավաքականին։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
«Մխիթարյանը մեր առաջնորդն է, մեր ամենակարևոր խաղացողն է: Բայց, ես վստահ եմ, որ մեր տղաները համախմբված կգործեն և լավ արդյունք կարձանագրենք:
Լիխտենշտեյնը շատ կոմպակտ էր պաշտպանվում, չկարողացանք օգտագործել մեր պահերը:
Վաղը պետք է մեր լավագույն խաղը խաղանք և հաղթենք: Խաղը ցույց կտա` ռիսկի կգնանք, թե ոչ: Ամեն ինչ պարզ կլինի հանդիպման ընթացքում:
Թիմն ընկճված չէ: Ամեն ինչ կանենք, որպեսզի լրացնենք Մխիթարյանի բացը: Կենտրոնանում ենք Ֆինլանդիայի հետ խաղի վրա: Մխիթարյանը աջակցել է մեզ այս խաղից առաջ, դա մեզ մեծ ուժ է տալիս: Բոլորս պատրաստ ենք պայքարի: Շատ մարտական ենք տրամադրված»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:
«Մենք շատ լավ թիմ ունենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի վաղը շատ լավ հանդես գանք և հաղթենք:
Լիխտենշտեյնի դեմ մենք նորմալ խաղ անցկացրեցինք, բայց սա ֆուտբոլ է: Արդյունքը գոհացուցիչ չէր: Պետք է ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրենք և հասնենք մեր նպատակին»,- ասաց Տիգրան Բարսեղյանը։
Սամվել Սուքիասյան՝ Տուրկուից