SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ոստիկանության կազմապերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում այս տարվա հոկտեմբերի 9-ին Երևանի Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանում հրազենով սպանություն կատարող և հետախուզման մեջ գտնվող կասկածյալը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կասկածյալին՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ներսիսյանին:

Վերջինս նշված բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ներսիսյանը սպանությունը կատարելուց հետո անընդհատ փոխել է իր թաքստոցի վայրը, երևի իր կարճ խելքով մտածել է, որ այդպես չի հայտնաբերվի, մինդեռ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները իրենց գործողություններով նրան ապացուցեցին, որ «գողի ու … օրը 40 օր է»:

Ըստ տեղեկությունների՝ Ա. Ներսիսյանը իր ընկերական շրջապատում միշտ հայտարարել է, որ ինքը «վիզ է դնելու», որ դառնա «օրենքով գող»: Այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի՝ իջնող կա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ հոկտեմբերի 9-ին Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։

Գ. Հովհաննսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար էր նշանակվել նույն քննչական բաժնի ավագ քննիչ Մհեր Եսայանը։

Ֆոտոլրագրողր տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի քննիչների կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել էր սպանվածի ինքնությունը. նա 29-ամյա Գուժ Մխիթարյանն էր, ով հաշվառված էր Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում, սակայն բնակվում էր Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում։

Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ երբ հանցագործը կրակոցներ է արձակել նստարանի մոտ գտնվող Գ. Մխիթարյանի ուղղությամբ, փամփուշտներից մեկը խոցել էր նրան և վնասել թիվ 138 շենքի բնակիչներից մեկի պատուհանը։ Այն կոտրել էր ապակին։

Նշված բնակարան ժամանած ոստիկաններն ու քննիչները փամփուշտը հայտնաբերել էին նշված տանը։

Գ. Շամշյանը հայտնում էր նաև, որ օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել էին մի քաղաքացու, ով հոկտեմբերի 2-ին Երևանում հրկիզել էր մի քանի ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում էր սպանության գործով քրեական գործի քննչական խմբի ղեկավար Մ. Եսայանին։

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողների կողմից սպանության կասկածանքով հայտնաբերված 30-ամյա Անդրանիկ Ներսիսյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: