ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես՝ կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք:
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2019 թվականի նոյեմբերի 4-ից»:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ MAMUL.am-ը հոդվածների շարք էր հրապարակել «Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ», «Պարզվում է, լկտի վարորդների մի մասը Ոստիկանության «24 ժամ աշխատող, պարգևատրումներ ստացող» աշխատակիցներն են (բացառիկ տեսանյութեր)» վերնագրերով, ինչից հետո խմբագրությունը գրություն էր ստացել ոստիկանությունից, որտեղ նշված էր, որ 4 տրանսպորտային միջոցների վարորդները հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, վերջինների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Ավելին, հրապարակումից հետո նշված հասցեում գործում է պետավտոտեսչության շուրջօրյա հսկման կետ: