ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրգործով մինչդատական վարույթում պարզվել է, որ տղամարդը VKontakte սոցցանցում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն վարել անչափահաս աղջկա հետ:
Ինչպես հայտնում են ՔԿ-ից, փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, բայց շարունակելով շփումը՝ համոզել և նրանից ստացել վերջինիս մերկ լուսանկարը, ինչից հետո տղամարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել է վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ ևս: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա դասընկերներին, ինչպես նաև տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն տղամարդը շանտաժի եղանակով 3 այլ անձանց էլ է սեռական հարաբերության հարկադրել:
Այսպես՝ տղամարդը VKontakte-ում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով մեկ այլ էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի բնակչուհու հետ, շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, շանտաժի ենթարկելով` պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում` այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Բացի այդ, տղամարդը նույն եղանակով ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Լուսանկարներն ստանալուց հետո տղամարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան և շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հակառակ դեպքում նշված լուսանկարները տարածել համացանցով՝ այդկերպ տասնվեց տարին լրացած անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:
Մեկ այլ դեպքով տղամարդը Facebook-ում նամակագրություն է վարել Տավուշի մարզի բնակչուհու հետ, փոխադարձ շփման ընթացքում ներգործել է վերջինիս հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Նշված լուսանկարներն ստանալուց հետո, դարձյալ շանտաժի ենթարկելով, տղամարդը կնոջից պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում՝ այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: