Գազի գնի բարձրացման մասին լուրերը շրջանառվում էին դեռ մեկ տարի առաջ և այդ թանկացումներն արդյունաբերության մեջ արդեն զգալի են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյան
Նա նշեց, որ գազի միջազգային գին գոյություն չունի և տարբեր երկրների գազը վաճառվում է տարբեր գներով: «Մենք պետք է մեր ռազմավարական դաշնակցի հետ այնպիսի հարաբերություններ պահպանենք, որ հետագայի համար ամեն ինչ լավ լինի», - նշեց նա:
Վ. Սաֆարյանի խոսքերով, գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը ընտանիքներին վնաս կհասցնի 8000-9000 դրամի չափով: «Գումարած մի երկու հազար դրամի չափով էլ տրանսպորտի թանկացումը», - նշեց նա, ավելացնելով, որ այս ամենի լուծման ճանապարհը թոշակների և աշխատավարձերի բարձրացումն է, ինչպես նաև` համատարած նոր աշխատատեղերի ստեղծումը:
Նրա կարծիքով, կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկել է իրավիճակը մեղմելու համար, քանի որ եղավ գազի գնի սուբսիդավորում: Միության նախագահն իր խոսքում նշեց, որ սուբսիդավորման աղբյուրը «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի 20 տոկոսն է, միաժամանակ հավելելով, որ ինքը դեմ է այդ որոշմանը:
Վ. Սաֆարյանը վստահ է, որ տվյալ պարագայում պետք է առաջին հերթին այլընտրանքային էլեկտրաէներգիայի օգտագործումը դարձնել օրակարգային և բանակցություներ սկսել իրանական գազի ներկրման ուղղությամբ: