20.06.2013թ. Արտակ Էմիլի Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող, միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը: Այս մասին հայտնում են Զինվորական դատախազությունից:
Օրենքով սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանը, անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, և ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվել է դիմողը և նրան է ուղարկվել համապատասխան որոշման պատճենը:
10.07.2013թ. ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա. Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ, խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանի 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Էմիլի Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:
Քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 103-րդ հոդվածով քննիչի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվայլ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:
«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է օրենքով սահմանված ընթացակարգերի հստակ պահպանումը»,-ասված է զինդատախազության հաղորդագրության մեջ: