Այսօրվա իր մեղադրական ճառում մեղադրող Վահագն Մուրադյանը միջնորդեց շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մեջ մեղադրվող երեք ոստիկանների դատապարտել 8-ական տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում մեղադրողը կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող բժիշկ Գևորգ Մարտիրոսյանին միջնորդեց դատապարտել տուգանքի՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:
Մեղադրողը գտնում է, որ նախաքննությամբ ու դատաքննությամբ լիովին հիմնավորված, ապացուցված և հաստատված է ամբաստանյալներ Վաղինակ Վարդանյանին, Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և Գևորգ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը, նրանց մեղսագրվող արարքները ճիշտ են որակված: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով վարչություն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:
Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս քրոջ նշանածի՝ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք: Մեղադրող Մուրադյանը գտավ նաև, որ ամբաստանյալների հայտարարությունները, թե հեռախոսային խոսակցություններում արծարծվող գումարային հարցերը որևէ առնչություն չունեն գործի հետ և որ խոսք է գնացել ամբաստանյալ Էդուարդ Զաքարյանի անձնական գումարային խնդիրների մասին, անհիմն են, չեն բխում գործի փաստական տվյալներից և հետապնդում են քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Տուժող Դավիթ Եդիգարյանի ներկայացուցիչ Հունան Բաբայանի տեսակետը որոշ հարցերի շուրջ էապես տարբերվում էր մեղադրողի դիրքորոշումից, ինչն, ըստ ներկայացուցչի, ոչ թե մեղադրանքի կողմի, այլ երկու իրավաբանների կարծիքների տարբերության մասին է խոսում: Այսպես, ըստ Հ.Բաբայանի, պաշտանատար անձը՝ Է.Զաքարյանը պահանջել է գումար, դա անհերքելի է, սակայն օպերլիազորը որևէ լծակ չունի ազդելու ինքնուրույն փորձագիտական հիմնարկի եզրակացության վրա: Բացի այդ, օպերլիազորը համապատասխան օրենքի որևէ նորմով չի կարող բժշկին՝ տուժող Դ.Եդիգարյանին, զրկել բժշկի լիցենզիայից, իսկ նրա բուժհիմնարկին՝ տուգանել:
Ըստ տուժողի ներկայացուցչի, չի հաստատվել նաև գումարի՝ մեղադրական եզրակացությունում նշվող չափը՝ 3000 ԱՄՆ դոլար, 2000-3000 դոլարի միջև տատանումները «բանակցությունների» հետևանք էին:
Ի դեպ, տուժողը ներկա չէր դատական նիստին, նա դատարանին ուղղված գրությամբ, մասնավորապես, հայտնել էր, որ որևէ պահանջ չունի ամբաստանյալներից: Օգոստոսի 20-ի դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը: Դատավարության տևական ընդմիջումը պայմանավորված էր առաջիկայում մեղադրողի՝ հերթական արձակուրդում գտնվելու հանգամանքով: