Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի stories–ում տեսանյութ է հրապարակել, որը զայրացրել է սոցցանցի թուրք օգտատերերին:

Համաճարակի պատճառով ինքնամեկուսացման մեջ գտնվող Քիմն արևելյան հայտնի ուտեստ՝ լահմաջո է պատվիրել:

Նա տեսանյութում Instagram-ի իր 163 միլիոն հետևորդներին հարցրել է, թե արդյո՞ք գիտեն ինչ է լահմաջոն և բացատրել է, որ այն «հայկական պիցցա» է:

Զայրացած թուրք օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել Քարդաշյանի հրապարակման տակ:

Թուրքիայում հայտնի երգչուհի Դեմեթ Աքալընն անգլերեն լեզվով գրել է «Լահմաջոն թուրքական է», իսկ ևս մեկ հայտնի երգչուհի Էբրու Փոլաթը թուրքերեն գրառում է արել․ «Լահմաջոն հայկական պիցցա չէ, հարգելիս»:

Ինչպես հայտնի է, Քարդաշյան քույրերը հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը՝ հատկապես ԱՄՆ սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո: