59 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 29-ին, աշխարհում ծնվեց մի երաժիշտ, որը տարիներ անց ամբողջությամբ փոխեց աշխարհի պատկերացումները երաժշտության, արտիստիզմի, պարի եւ բեմական կերպարի մասին: Իսկ ավելի ուշ, երաժշտական ասպարեզում նորամուծությունների համար նա կոչվեց Փոփի արքա: Դե, իհարկե, խոսքն աշխարհահռչակ աստղ, երաժշտական լեգենդ Մայքլ Ջեքսոնի մասին է, որն այսօր կտոներ իր տարեդարձը, եթե անժամանակ չհեռանար այն նույն աշխարից, որին այդքան սեր ու երեւակայություն պարգեւեց իր երգերի եւ տեսահոլովակների միջոցով:

 Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թ-ին: Ջոզեֆ եւ Քեթրին Ջեքսոնների ընտանիքի տասը զավակներից նա ութերորդն էր: Երգիչն իր կարիերան սկսել է The Jackson 5 խմբից, որտեղ նրա հետ միասին ելույթ էին ունենում նաեւ եղբայրները` Ջեքին, Տիտոն, Ջերմեյնն ու Մառլոնը:

Սակայն 1970-ականների վերջին Մայքլը սկսում է հանդես գալ որպես անհատ կատարող: Նա ստեղծում է այնպիսի հիթեր, ինչպիսիք են` Don’t Stop Till You Get Enough, Rock With You, Off The Wall, Billie Jean, Beat It…Իսկ տարիների ընթացքում այս շարքը համալրվում է նոր հիթային ստեղծագործություններով:

 Հասարակությունը, սակայն, քննարկում էր Ջեքսոնի ոչ միայն ստեղծագործական, այլեւ անձնական կյանքը: Մի մասը նրան մեղադրում էր ռասիզմի մեջ` փաստելով, թե երգիչը փոխել էր մաշկի գույնը, բայց Մայքլը դա բացատրում էր մաշկային հիվանդությամբ: Այնուհետեւ բուռն սկսեցին քննարկել, թե երգիչը մանկապղծության է ենթարկում տղա երեխաներին, ինչը Ջեքսոնին բազմիցս կանգնեցրեց դատարանի դռների առջեւ:

Մայքլ Ջեքսոնի մահվանից անցել է 8 տարի, սակայն Ջեքսոնն իսկապես հավերժ կենդանի է իր ստեղծած երաժշտության շնորհիվ:

Ջեքսոնի ամենախորիմաստ մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

 «Կյանքի իմաստը ներառված է կյանքի ցանկացած արտահայտության մեջ»:

«Եկեք երազենք այնպիսի վաղվա մասին, երբ մենք կսիրենք ամբողջ հոգով եւ սերը կհամարենք բացարձակ ճշմարտություն»:

«Երբ դու ծնվում ես՝ զգալով, որ սիրված ես եւ լքում ես այս աշխարհը նույն զգացումով, կյանքի ու մահվան արանքում ընկած ցանկացած բան հաղթահարելի է»:

 «Ամենալավ կրթությունը լավագույն մասնագետներին աշխատաքի ընթացքում հետեւելն է»:

«Մարդիկ վատ բաներ են գրում, որովհետեւ նրանց սկսում է դուր գալ այն ամենը, ինչ հրապարակվում է: Դրա համար էլ դրական նորությունները գին չունեն»:

«Ես նման եմ բոլոր սովորական մարդկանց՝ ես էլ եմ երբեմն քերծվածքներ ստանում, երբեմն՝ արյունահոսում եւ հեշտությամբ զարմանում եմ»:

«Ես երբեք չեմ գոհանում, ես կատարելություն եմ սիրում: Դա իմ էության մի մասն է»:

«Ես սեւամորթ ամերիկացի եմ ու ես հպարտ եմ դրա համար: Իմ ներսի հպարտությունը շատ մեծ է»:

«Երբ ես երեխաներին եմ տեսնում, ես նրանց մեջ տեսնում եմ Աստծո դեմքը: Ահա, թե ինչու եմ շատ սիրում երեխաներին...»:

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է մամուլն այդքան կենտրոնացած իմ արտաքինի վրա: Ի՞նչ կապ ունի իմ դեմքը իմ երգեցողության ու պարի հետ»:

Նյութի աղբյութը` NEWS.am