Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պայմանագրի երկարաձգումից առաջ բանակցել է ՀՖՖ-ի հետ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնու հնարավոր նշանակման հարցով, հաղորդում է ռուսական championat.com-ը։

Բանակցությունները դրական ընթացք են ունեցել, եղել են բավական հստակ, բայց Կարպինը որոշել է մնալ Ռուսաստանի հավաքականում, որը գլխավորում է 2021թ․ հուլիսի 26-ից։ Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը երկարաձգեց պայմանագիրը Կարպինի հետ մինչեւ 2024թ․ օգոստոս։ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառովՌուսաստանի հավաքականը հեռացված է միջազգային մրցումներից։


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 28-ից իսպանացի Խոակին Կապառոսի հրաժարականից հետո։

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի B լիգայի առաջին տուրում Իռլանդիայի հավաքականին 1:0 հաշվով հաղթելուց հետո 0:2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային, 0:3 հաշվով՝ Ուկրաինային, 1:4 հաշվով՝ Շոտլանդիային, 0:5 հաշվով՝ Ուկրաինային, 2:3 հաշվով` Իռլանդիային եւ նահանջել C լիգա։

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին եւ 19-ին արտագնա ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի եւ Ալբանիայի թիմերի հետ։