Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության նոր ձեւաչափը։ Մեկ ամիս տեւողությամբ մրցաշարին կմասնակցի 32 թիմ։

Առաջին անգամ ակումբային առաջնությունը նոր ձեւաչափով կանցկացվի 2025թ․ հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։

Եվրոպան ներկայացված կլինի 12, Հարավային Ամերիկան՝ 6, Ասիան, Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան՝ 4-ական, Օվկիանան՝ 1 թիմով։ Եվս մեկ թիմ կներկայացնի առաջնության կազմակերպիչ երկիրը։

Եվրոպայի կմասնակցեն Չեմպիոնների լիգայի նախորդ չորս տարիների հաղթողները եւ ամենաբարձր վարկանիշ ունեցող ակումբները։ «Բավարիան», ՊՍԺ-ն, «Պորտուն» եւ «Բենֆիկան» այդ վարկանիշով արդեն ստացել են մասնակցության իրավունք։

Հարավային Ամերիկայից կմասնակցեն Լիբերտադորեսի գավաթի նախորդ չորս տարիների հաղթողները։ Եվս երկու տեղ կստանան ամենաբարձր վարկանիշ ունեցող ակումբները։

Լիգաների համաշխարհային ֆորումը (ընդգրկված են նաեւ Պրեմիեր լիգան, Լա Լիգան, Ա Սերիան, Բունդեսլիգան) պաշտոնական նամակով բողոք է ներկայացրել նոր ձեւաչափի առիթով՝ նշելով, որ առաջատար ֆուտբոլիստները զրկվում են մրցաշրջանի ավարտից հետո հանգստի հնարավորությունից։