Գերմանացի Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«Հասկանում եմ, որ շատերի համար այս նորությունը շոկ է, երբ առաջին անգամ եք լսում, բայց ակնհայտ է, որ կարող եմ փորձել բացատրել որոշումս։

Ես սիրում եմ բացարձակ ամեն ինչ այս ակումբում, քաղաքում, սիրում եմ ակումբի բոլոր երկրպագուներին, սիրում թիմը, աշխատակիցներին, սիրում եմ ամեն ինչ այստեղ։ Բայց եթե ընդունում եմ այս որոշումը, նշանակում է՝ ես համոզված եմ, որ սա այն որոշումն է, որը պետքը ընդունեմ։

Ես չունեմ էներգիա։ Հիմա ես խնդիրներ չունեմ, բայց ակնհայտ է, որ ես գիտեի՝ վաղ թե ուշ ստիպված եմ լինելու հայտարարել այս մասին։ Ես գիտեմ, որ չեմ կարող կատարել այս աշխատանքը նորից ու նորից։

Այսքան տարիներից հետո ես պետք է ձեզ ասեմ միայն ճշմարտությունը, և սա է ճշմարտությունը»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

56-ամյա մասնագետը «Լիվերպուլը» գլխավորում է 2015թ․ հոկտեմբերի 8-ից։ Այս ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի, գավաթի խաղարկության, Անգլիական լիգայի գավաթի խաղարկության, Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության, Եվրոպայի սուպերգավաթի տիտղոսները։