Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2014թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 4-րդ տարին անընդմեջ արժանացավ լավագույնի տիտղոսին: Մխիթարյանն արդեն 5-րդ անգամ է ճանաչվում հանրապետության լավագույն ֆուտբոլիստ: 2 ցուցանիշներն էլ ռեկորդային են հայկական ֆուտբոլում:

4-րդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակը կազմում են արտերկրում հանդես եկող ազգային հավաքականի խաղացողները: Ռոման Բերեզովսկին 2-րդ անգամ է նման պատվի արժանանում: 2011թ. նա եզրափակել էր լավագույն եռյակը: 40-ամյա անվանի դարպասապահը դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում մինչ օրս ընդգրկված ֆուտբոլիստներից ամենատարեցը:

ՀՀ հավաքականի փորձառու պաշտպան Ռոբերտ Արզումանյանը 3-րդ անգամ ընդգրկվեց լավագույն եռյակում: 2006 և 2007թթ. դեռևս «Փյունիկում» հանդես գալիս Արզումանյանը հարցման արդյունքներով զբաղեցրել էր 2-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին են արժանացել 15 ֆուտբոլիստներ: Նրանցից 8-ը հարձակվողներ են, 4-ը` կիսապաշտպաններ, 2-ը` պաշտպաններ, մեկը` դարպասապահ:

Լավագույնի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, ով 2004թ. 17 տարեկանում է դափնեկիր դարձել: Իսկ ամենատարեցը Սարգիս Հովսեփյանն է, ով 2008թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 36 տարեկանում:

Առավել հաճախակի` 10 անգամ լավագույնի տիտղոսին են արժանացել «Փյունիկի» ֆուտբոլիստները: Ընդ որում 2007-2010թթ. փյունիկցիները ոչ մեկին չեն զիջել լավագույնի տիտղոսը: