«Միլանը» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Միլան քաղաքից։ Հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։

Ակումբը հիմնադրվել է 1899-ի դեկտեմբերի 16-ին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Սկզբում կոչվել է «Milan football And Cricket Club»։


«Միլանը» համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով։ Ակումբն իր խաղերն անց է կացնում Սան Սիրո մարզադաշտում։

Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ «Միլանը» 2012-ին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում՝ 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

Ակումբի մարզիչն է իտալացի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Ֆիլիպպո Ինձագին, ով մարզում է ակումբը 2014-ի հունիսի 9-ից։

2013-ից թիմի գործող ավագն է Ռիկկարդո Մոնտոլիվոն. նա փոխարինել է ակումբից հեռացած Մասսիմո Ամբրոզինիին։

Միլանի սեփականատերն ու նախագահը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին է, փոխնախագահը՝ Ադրիանո Գալլիանին։

1901-ին «Միլանը» նվաճել է իր առաջին պատմական գավաթը՝ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը`  եզրափակիչում հաղթելով Ջենոային։

1906-ին «դևերը» երկրորդ անգամ են դառնում Իտալիայի չեմպիոն՝ այս անգամ հաղթելով «Յուվենտուսին»։ Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը` 1907-ին։ Այդ տարում «Միլանը» ստացավ իր նոր անունը «Football Club Milan»։

1926-ին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել` Միլանում մարզադաշտ կառուցելու համար, որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին «Միլանը» ու «Ինտերը»։ Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը։

1908-ին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել։ Այդ որոշումը «Միլանին» մեծ վնաս հասցրեց և ակումբը հրաժարվեց մասնակցել առաջնությանը։ Դրանից հետո ավելի քան քառասուն տարի «Միլանը» չէր կարողանում հասնել հաջողության։ Այդ ընթացքում «կարմիր-սևերը» փոխեցին իրենց անունը՝ ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio) և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associazione Calcio Milan)։

1949-ին «Միլանում» հայտնվեցին Նորդալը, Գրինը և Լիդհոլմը, որոնց անվանեցին «Գրե-Նո-Լի»։ Նրանց օգնությամբ ակումբը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն։

1955-ին «Միլանը» նվաճեց իր հինգերորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի Միլանը Չեմպիոնների գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց «Ռեալին»։

1958-ին ակումբը համալրեց Ալտաֆինին։ Ալտաֆինի, Լիդհոլմ, Սկիաֆինո եռյակի օգնությամբ «Միլանը» վերադարձրեց չեմպիոնական կոչումը։

1962-ին «Միլանը» հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Հաջորդ տարում ակումբն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր` եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով «Բենֆիկային»։

1968-ին  «դևերն» իններորդ անգամ դարձան երկրի չեմպիոն,իսկ հաջորդ տարում՝ երկրորդ անգամ Չեմպիոնների գավաթակիր` Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով «Այաքսին»։ Խաղի հերոս դարձավ Պրատին՝ խփելով երեք գոլ։

1976-1977 մրցաշրջանում «Միլանը» հազիվ իր տեղը պահպանեց Սերիա A-ում։ Այդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979-ին «Միլանը» նվաճեց իր տասերորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի ակումբի  նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և «Միլանին» ուղարկեցին Սերիա B, որտեղից  դուրս եկավ երկու տարի անց։

1986-ին ակումբը գնեց Սիլվիո Բերլուսկոնին և  գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արրիգո Սակկին, իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը, Ռայկարդը և Վան Բաստենը։ Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բերլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին, ում գլխավորությամբ «Միլանը» 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն, 3 անգամ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, սակայն միայն մեկ անգամ հաղթեց՝  1994-ին եզրափակչում 4-0 հաշվով պարտության մատնելով «Բարսելոնային»։

1996-ին «Միլանը» տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց։ Այնուհետև Բերլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը։ Սակայն նա չկարողացավ անել այն, ինչ նրանից սպասում էին։ Արդյուքում ակումբը կրկին գլխավորեց Սակկին, բայց ապարդյուն։ «Միլանը» Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը։ Սակկիին փոխարինեց Կապելլոն, ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել, որի արդյունքում ակումբը գլխավորեց Ձակկերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն։

«Միլանում» սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան, երբ 2001-ին ակումբը գլխավորեց Կարլո Անչելոտտին։ Նրա գլխավորությամբ ակումբը դարձավ երկրի չեմպիոն, մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, երկու անգամ Իտալիայի սուպերգավաթը, երկու անգամ դաձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, նվաճեց Եվրոպայի երկու սուպերգավաթ, դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն։

Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո «Միլանը» սկսեց զիջել իր դիրքերը։ 2009-ին Անչելոտտիին փոխարինեց Լեոնարդոն, ում գլխավորությամբ ակումբի գործերն ավելի վատացան և 2010թ.-ի հունիսի 25-ին այն գլխավորեց Ալլեգրին․  2010 - 11 մրցաշարում «Միլանը» դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։ Սակայն դրանից հետո թիմը տարեցտարի սկսեց ավելի ցածր դիրքեր զբաղեցնել մրցաշարային աղյուսակում (2012-ին 2-րդ տեղ, 2013-ին՝ 3-րդ տեղ, 2014-ին, մրցաշարի առաջին կեսից հետո, 11-րդ տեղ), ինչը դժգոհությունների ալիք բարձրացրեց Ալլեգրիի հանդեպ թե՛ «Միլանի» երկրպագուների, թե՛ ղեկավարության մոտ։

2014-ի հունվարի 12-ին, մրցաշարի հետնապահ Սասսուոլոյից կրած 4-3 հաշվով պարտությունից հետո, ակումբի ղեկավարությունը հեռացրեց Ալլեգրիին Միլանի մարզչի պաշտոնից։ 2014թ.-ի հունվարի 16-ին «Միլանի» ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց ակումբի նոր մարզչի անունը. Կլարենս Զեեդորֆ, ով ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց անմիջապես հետո ստանձնեց թիմի մարզիչի պաշտոնը։

Զեեդորֆի գլխավորությամբ թիմը 2013-14 սեզոնը ավարտեց ընդամենը 8-րդ տեղում՝ զրկվելով եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ 2014-ի հունիսի 9-ին, մրցաշրջանի ավարտից հետո, Զեեդորֆը պաշտոնանկ արվեց։ Նրան փոխարինեց ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպպո Ինձագին։