Այսօր լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է: Նա շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն էր։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար (Վասիլև 1974։ 27) և (Կասպարով 2004։ 7, 16, 62, 80)։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։