«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է այն բանից, թե ինչպես է «Ռեալը» բանակցություններ վարում դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի շուրջ, այդ մասին Marca-ին հայտնել է անգլիական ակումբի աշխատակիցներից մեկը.

«Չենք հասկանում՝ ինչու՞ «Ռեալը» չի ուզում վճարել դե Խեայի համար: Եթե դարպասապահը նրանց իսկապես պետք է, նրանք պարտավոր են համաձայնել պահանջվող գումարի չափին, բայց ոչինչ չեն ասում:

Մենք հասկանում ենք, որ սա դե Խեայի համար «Ռեալ» տեղափոխվելու եզակի հնարավորություն է: Մենք չենք կարող կանգնեցնել նրան, բայց ամեն ինչ իր գինն ունի:

Շահագրգիռ բոլոր կողմերի համար լավ կլիներ, եթե գործարքը կայանար որքան հնարավոր է շուտ»,— ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաները» պատրաստ են դե Խեային վաճառել 40 մլն եվրոյից ոչ պակաս գնով կամ փոխանակել Սերխիո Ռամոսի հետ: