Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

C խմբում հայտնվեցին հետևյալ 4 թիմերը. «Բորուսիա Դ.», ՊԱՕԿ, «Կրասնոդար», «Գաբալա»:

Հոկտեմբերի 22-ին երրորդ տուրի հանդիպումը Դորտմունդի «Բորուսիան» կանցկացնի Ադրբեջանում՝ ադրբեջանական «Գաբալայի» հետ:

Azerisport-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի օրենսդրությամբ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ և Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով։

Դորտմունդցիներն, այնուամենայնիվ, հույս ունեն, որ հայազգի ֆուտբոլիստը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի հանդիպմանը մեկնելիս, քանի որ շատ կարևոր խաղացող է թիմի համար, տեղեկացնում է sport1-ը։