Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խնդիրներ ունենալ իրավապահ մարմինների հետ, եթե Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում 3-րդ տուրում կայանալիք «Գաբալա» - «Բորուսիա» հանդիպմանը թիմի հետ մեկնի Ադրբեջան:

Ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքն է հայտնել ադրբեջանական ակումբի ղեկավար Զաուր Ազիզովը.

«Սա պետական մարմինների լուծելու խնդիրն է: Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը տեղյակ է մեր երկրի օրենքներին: Իհարկե, նրանք կուզենան ամբողջ կազմով ժամանել հանդիպմանը, սակայն Ադրբեջանի Հանրապետության օրենքները բոլորի համար են»,- ակումբի ղեկավարի խոսքերը մեջբերում է Azerisport-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի օրենսդրությամբ Հենրիխ Մխիթարյանը  չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ և Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով։