Երեկվանից համացանցում տարածվել են Հենրիխ Մխիթարյանի նոր ավտոմեքենայի մասին լուրերը: Այս պատմության մեջ երկու ուրախալի փաստ կա: Նախ, որ Հենոն իսկապես արժանի էր դրան, քանի որ հոյակապ անձնավորություն է, համեստ տղա, բարձրակարգ ֆուտբոլիստ, եւ այդ ամենին հասել է աշխատասիրության, նպատակին ձգտելու եւ տաղանդի հաշվին, եւ ոչ թե արագաչափեր, տեսախցիկներ տեղադրելու, փողոցների ամեն մի սանտիմետրի վրա կարմիր գծեր քաշելով, գազալցակայաններում թերլիցքավորման եւ նմանատիպ այլ՝ մարդկային նորմալ ուղեղի մեջ չտեղավորվող, տարատեսակ տմարդի գործունեությունների արդյունքում:

Երկրորդ կարեւոր փաստն այն է, որ ազգս դրանով դարձավ անճանաչելի...Իրոք եմ ասում: Զարմանալիորեն բոլորի միջից անհետացավ նախանձ կոչված սատանայական բնազդը կամ երեւույթը, միգուցե՝ հոգեվիճակը: Եզակի դեպքերից մեկն էր, երբ մարդիկ սրտանց ու անկեղծորեն ուրախացան եւ ոչ թե բազմիցս լսված՝ «Իմ դարդերը քիչ էին, Հենոն էլ Լամբորջինի առավ», արտահայտությանն արժանացրեցին: Հենոյին մաղթենք, որպեսզի իսկապես բարով վայելի հալալ քրտինքով վաստակած պարգեւը, անփորձանք լինի...

Մենուա Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից: