Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում երեկ տեղի ունեցավ ամենաաղմկահարույց սկանդալներից մեկը։ Խայտառակ կողմնակալ մրցավարության պայմաններում հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից։

Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը սերբ Դավոր Ստեֆանեկն էր։ Ազգությամբ սերբ է նաև Ըմբշամարտի միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչը։

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն այսօր ուղևորվեց քաղաք Էջմիածին՝ հանդիպելու Միհրան Հարությունյանի հարազատների հետ։ Նախևառաջ եղանք մարզադպրոցում։ Ըմբիշները չցանկացան խոսել տեսախցիկի առջև՝ միայն փոխանցելով հիասթափությունը կատարվածի վերաբերյալ։

Այնուհետև շարժվեցինք դեպի Միհրան Հարությունյանի բնակարան։ Միհրանի մայրը՝ տիկին Լուսինեն, հուսահատ էր և հուզված։ Նա ևս չցանկացավ խոսել տեսախցիկի առջև, նշելով․

«Որդիս սպորտային փառահեղ ուղի է անցել։ Կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլև մեր վերևները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի։ Որդիս այլևս չի ցանկանում լսել սպորտի մասին։ Հանգիստ թողեք մեզ»,- ասաց տիկին Լուսինեն, հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ Միհրանը նման իրավիճակում է հայտնվում։

Հիշեցնենք, որ եզրափակչից հետո Միհրան Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել էր․ «Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»: