Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների, մասնավորապես, նրան, թե ինքը իբր սիրավեպ ունի հայտնի սուսերամարտիկ Թիմուր Սաֆինի հետ:

Հարցազրույցում տեղ էր գտել մի հատված, ըստ որի, այս պահին բուռն զարգացում է ապրում Յանա Եգորյանի և Ուզբեկստանում ծնված ու այժմ Ուֆայում բնակվող Թիմուր Սաֆինի սիրավեպը:

Օլիմպիական չեմպիոնուհին ընդգծել է, որ իրեն Թիմուրի հետ կապում է միայն լավ ընկերությունը և մարզական կարիերան, ավելացնելով, որ իր կյանքում կա տղամարդ, ով շատ թանկ է իր համար, և նման հոդվածները խաթարում են վստահությունը հարաբերություններում: Նա նշել է նաև, որ Թիմուրը նույնպես ունի իր անձնական կյանքը: «Հուսամ՝ այն լրագրողը, ով ինձանից հարցազրույց է վերցրել… մենք այլևս չենք հանդիպի, հակառակ դեպքում սուսերս կարող է կեղտոտվել»,- գրել է Եգորյանն իր Instagram-ում:

Նրա հրապարակումն ուղեկցվել է բաժանորդագիրների և օգտատերերի բազմաթիվ մեկնաբանություններով: Այսպես, օրինակ, dim.on.chik անունով օգտատերը թողել է հետևյալ մեկնաբանությունը. «սուսերի ակնարկը, անշուշտ, զիլ էր: Ինչպե՞ս լրագրողը չի հաշվարկել, թե ում հարցազրույցն է փոփոխում», իսկ nekshaband օգտատերը գրել է՝ «Սուսերի մասին լավ է: Իսկապես, կովկասցուն վայել»:

Հարցազրույցում Եգորյանն անդրադարձել էր նաև իր հայկական արմատներին, ասելով, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների վրա: