Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում:


Քաղաքապետարանի՝ ինքնատիպ ճարտապետությամբ շենքի աշտարակն ունի 50 մետր բարձրություն, ժամացույցը 45 մետրի վրա է:

Օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին այսուհետ քաղաքացիները կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: Նախկին համակարգն այլևս չէր գործում և վերականգնման ենթակա չէր:

Աշխատանքի ու հանդիպման շտապող քաղաքացիների համար սա երևանյան կոլորիտը վերադարձնելու ևս մեկ նախաձեռնություն էր»,- գրել է նա։