Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակում Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 6 ծրագիր, որոնք ներառում են ընդհանուր առմամբ 40 միջոցառում։ Դրանք ուղղված են եղել ոռոգման համակարգի խնդիրների լուծմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայություններին, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը և մոնիթորինգին: 2023-ի համար առանց վարկային և դրամաշնորհային միջոցների տարեկան ճշտված պլանը կազմել է 22,092.5 մլն դրամ, կատարողականը՝ 98.08 %։

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են աշխատանքները ջրամատակարարման տևողության ավելացման, ջրի որակի բարելավ¬ման, ինստիտուցիոնալ բարեփոխումների խորացման, վարձակալության պայմանագրի վերահսկման, մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, բյուջետային, վարկային և դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև այլ ուղղություններով։

Ոռոգման նպատակով ջրառ իրականացնող «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 15 ջրօգտագործող ընկերությունների գործունեությունների արդյունքներով ապահովվել է 87.96 հազ. հա հողատարածքների ջրամատակարարումը։

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է, թե այս պահի դրությամբ Հայաստանում ինչքա՞ն ջուր է ամբարվել: Նշվել է, որ ջրամբարներում ընդհանուր 1.1 մլրդ խմ ջուր է ամբարվել: Հարցին, թե որքա՞ն է մեր երկրի պոտենցիալը, որ հնարավոր է ամբարել՝ պատասխանատուները նշել են, որ ունենք 7.5 մլրդ խմ մակերևութային հոսք, և նախնական գնահատմամբ՝ եթե դիտարկվի ջրամբարների կառուցման հայեցակարգը, հնարավոր կլինի ամբարել ևս 1.7 մլրդ խմ ջուր:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ գործող աշխատանքային խմբի օրակարգում այդ հարցը՝ որպես ջրի կառավարման կարևորագույն խնդիր, ներառված է և պետք է ձևակերպեն անելիքները: «Ինչպե՞ս այսօր 1.1 մլրդ խմ ջրին ավելացնենք այն, որտեղ պոտենցիալ կա, որովհետև մեծ ներդրումների հետ կապված հարցեր են: Պետք է որոշենք նաև, թե եղած ֆինանսական հնարավորություններն ինչ հաջորդականությամբ որ կարիքներին ենք ուղղում»,- ասել է փոխվարչապետը: