Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց անցկացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ տրանսպորտի գինը 100 դրամ մնալու դեպքում կարող է անգամ պահեստամասային նոր տեխնիկա գնելուն բավարարել: «Եթե կգտնվի մեկը, ով կասի, որ տրանսպորտի սակագինը պետք է բարձրանա, քանի որ թանկացել է պահեստամասային տեխնիկան, և 100 դրամով հնարավոր չէ անգամ աշխատակիցների աշխատավարձերը տալ, թող գա ինձ ասի, և մենք կբանավիճենք: Չեմ կարծում, որ Հանրապետությունում սոցիալապես վատ վիճակում գտնվողները այս պահին կարիք ունեն կատարյալ վիճակում գտնվող տրանսպորտից օգտվել: Նրանք պատճառաբանում են, որ ծառայությունների դիմաց համապատասխան վարձատրություն պետք է լինի, սակայն արդյունքում միայն համապատասխան վարձատրությունն է մնում, իսկ ծառայության մասին բոլորը մոռանում են»,- իր խոսքում նշեց Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ` եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ պահեստամասերը թանկացել են և վճարը պետք է կազմի 65 հազար դրամ, իրենք համաձայնում են, սակայն անգամ այս դեպքում 150 դրամը չափազանց շատ է: «Մոնիթորինգով պարզ է դարձել, որ եթե 15 տեղանոց երթուղայինից օգտվում են 15 հոգի, դա կազմում է 1500 դրամ, սակայն փաստը մնում է փաստ, որ 2-3 անգամ ավելի շատ եկամուտ են ունենում: Այս եկամուտը հաշվարկվում է 100 դրամի դեպքում: Հետո նրանք պատճառաբանում են, մեջտեղ բերելով բանկային մեծ տոկոսները, որ նոր միկրոավտոբուսներն արժեն 12 մլն դրամ, չնայած, որ դրանք 8 մլն են: Մեր հաշվարկներով` միկրովտոբուսների երթևեկության սակագինը պետք է լինի 85, իսկ մակրոավտոբուսներինը` 97 դրամ, սակայն բոլորս էլ համաձայնում ենք 100 դրամին: Մեր հաշվարկներով տրանսպորտի գինը չպետք է բարձրանա, ավելին` այն պետք է իջնի»,-հավելեց Արամ Գրիգորյանը:
Քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի գնահատմամբ` տրանսպորտի սակագնի բարձրացումը կապված է ընտրությունների ավարտի հետ: «Ընտրություններին բաժանված ընտրակաշառքները, արված ծախսերը պետք է, չէ՞ մի ձև փոխհատուցվեն: Մնում է միայն քաղաքացիներն այս անգամ ևս համախմբվեն, ընդդիմանան, որպեսզի բարձրացում տեղի չունենա: Այս անգամ առավել ևս պետք է ակտիվ գործունեություն ծավալեն»,- հորդորեց Կիվիրյանը: