Վրաստանի կարևոր արտաքին գերակայություններից մեկը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, հայտարարել է իսրայելական դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Ցանկանում եմ նշել, որ մեր երկիրը իր ներդրումն է ունեցել Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության մեջ և այն մեզ համար պատվավոր առաքելություն է»,- ասել է Իվանիշվիլին: Նրա խոսքերով ժողովրդավարական զարգացման ճանապարհին Վրաստանի առաջ նախկինի պես կանգնած են «բարդ մարտահրավերներ»: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: 
«Մեր տարածքները բռնազավթված են, իսկ բնակչությանը չի տրամադրվում հնարավորություն վերադառնալ իրենց տներ: Վերջին տարվա ընթացքում վրացական կառավարությունը շատ բան է արել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար: Սրա ֆոնին ռուսական զորքերը շարունակում են արգելապատնեշներ կառուցել բռնազավթման սահմանին: Կառավարությունը այս հարցի լուծման համար կատարում է պրագմատիկ քայլեր միջազգային հանրության աջակցությամբ»,- հայտարարել է Իվանիշվիլին: