ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգթոնում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հայտնում է АПА գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությանը, այս մասին հայտարարել են Ջոն Քերին և Ահմեդ Դավութօղլուն՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մենք խորհրդատվություններ ենք անցկացնում տարբեր մեխանիզմների, Մինսկի խմբի համանախագահների և այլ երկկողմանի խորհրդակցությունների միջոցով: Եվ մենք հուսով ենք, որ այդ սառեցված հակամարտությունը շուտով կլուծվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասում, տարածաշրջանում և Կովկասի սահմաններից դուրս: Այսօր ուրախ եմ տեսնել, որ Ջոն Քերին և ես, Թուրքիան և ԱՄՆ այս հարցին նույն հեռանկարով ենք նայում: Մենք հուսով ենք, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև հանդիպումը հաջող կերպով կանցնի»,- հայտարարել է Դավութօղլուն:
ԱՄՆ պետքարտուղարը իր հերթին նշել է, որ նա զրույց է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Նա հույս է հայտնել, որ բանակցություններում առաջընթաց կարձագանքվի:«Ես զրուցել եմ և նախագահ Ալիևի, և նախագահ Սարգսյանի հետ անցած 48 ժամվա ընթացքում: Մոտակա ժամանակները նրանք կհանդիպեն: Մենք հանդես ենք գալիս այս գործընթացի առաջխաղացման համար և կշարունակենք ներգրավված մնալ նման այս հարցում»,- հայտարարել է Ջոն Քերին: